Մի կեանք արժէ մի համբոյրը աղջկայ,
Առանց սիրոյ, առանց կնոջ կեանք չկայ,
- Իրավ, բայց թէ դրախտն ինքը կին լինի,
Կին կը գտնես, բայց մայր երբէք չես գտնի։
Կինը սէր է, բախտաբեր է՝ թէ սէր տաս,
Առանց կնոջ՝ ինձ պէս անբախտ կը մնաս,
- Իրավ, բայց թէ բախտն էլ անհաս կին լինի,
Կին կը գտնես, բայց մայր նորից չես գտնի։
Արևն, ասես, կնոջ աչքից կը ծագի,
Մի համբոյրից անապատը կը ծաղկի,
- Ա՜խ, չէ, թէկուզ չեղածն ինքը կին լինի՝
Կին կը գտնես, բայց մայր, ավա՜ղ, չես գտնի։
Կինը մահին յաղթող կեանքի աղբիւր է,
Մի համբոյրով ինձ բալիկներ կը բերէ,
- Ա՜խ, չէ, թէկուզ Աստուած ինքը կին լինի՝
Կին կը գտնես, բայց մայր յավերժ չես գտնի...
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ