Պե՛տք չէ, սիրելի՜ս։ Զո՜ւր ես երդըվում։ Առանց երդման էլ ես հավատում եմ, Որ հիմա օրըդ մի դար է տևում, Որ փուշ կարոտը քեզ ծվատում է, Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ, Որ իմ անունն ես կրկընում հաճախ, Որ աղջըկական քո մաքուր բարձին Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ (Անգըղ էլ լինի՝ արծիվ է թվում) , Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում, Որ առանց սիրուս կյանքըդ կորած է, Որ... Գիտե՛մ, ջա՜նըս. Զո՜ւր ես կրկընում.
Բայց գիտեմ և այն, Ինչ դո՛ւ չգիտես.
Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 1958
|